ՀայաստանՍոցիալական

Գնունու շուկայի կրպակները քանդվում են․ վաճառականները մնում են առանց աշխատանք

Այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են ապամոնտաժել Գնունու շուկայի մոտ գտնվող կրպակներն ու տաղավարները։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ տարածքը պետք է ազատվի, քանի որ այդ շինությունները ժամանակին կառուցվել են առանց թույլտվության և հողօգտագործման իրավունքի։

Քաղաքապետարանը վստահեցնում է, որ գործընթացի մասին տնտեսվարողները վաղուց էին տեղեկացված։ Նրանց տրվել էր ժամանակ մինչև սեպտեմբերի 30–ը՝ ապրանքները տեղափոխելու և տարածքը ազատելու համար։ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տեղակալ Ռուբեն Խոջայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այսօր քանդվող կրպակներում արդեն ապրանք չի եղել․

Քաղաքապետարանը տնտեսվարողներին նոր տարածք տրամադրելու հարցը չի քննարկել։ Խոջայանը նշեց, որ նման առաջարկ կամ պահանջարկ պարզապես չի եղել։ Միայն այն տնտեսվարողների մասով, որոնց վարձակալության պայմանագրերի ժամկետները դեռևս կադաստրում չեն լուծարվել, այս պահին գործողություններ չեն իրականացվում։

Amnews-ի հետ զրույցում կրպակատերերից մեկը, ով չցանկացավ նշել իր անունը, հայտնում է, որ քաղաքապետարանը նախազգուշացրել է ապամոնտաժելու մասին, սակայն իրենց հարցերն ու խնդրանքները անպատասխան են մնացել։

Կրպակատերերից մեկն էլ մեկ այլ լրատվամիջոցի նշել էր, որ «հազիվ գիշերը հասցրել են ապրանքը հանել, տանել տուն, բանկից վարկերը վերցրել են, հիմա ոնց ենք մուծելու, չգիտեն»։

Այսպիսով՝ մի կողմում քաղաքապետարանն է, որը փորձում է «մաքրել» ապօրինի կառուցված տարածքները, մյուս կողմում՝ տասնյակ վաճառականներ, որոնք փաստացի կորցնում են իրենց եկամտի աղբյուրը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով