
Պոլիէթիլենից հրաժարվելը մնաց թղթի վրա․ ինչո՞ւ են խանութներում շարունակում վաճառել բարակ տոպրակներ
Հայաստանում դեռ հինգ տարի առաջ որոշեցին սահմանափակել պոլիէթիլենային տոպրակների արտադրությունն ու վաճառքը։ 2022-ի հունվարի 1-ից խանութներում դրանք դարձան վճարովի (40-50 դրամ), իսկ 50 միկրոնից բարակ տոպրակների վաճառքն ամբողջությամբ արգելվեց։ Գաղափարն այն էր, որ հաստ տոպրակները նախատեսված են բազմակի օգտագործման համար և աղբավայր կհասնեն ավելի ուշ։
Բայց իրականությունը բոլորիս աչքի առաջ է․ շուկաներում, բանջարեղենի կրպակներում ու փոքր խանութներում ապրանքները շարունակում են վաճառվել հենց այդ՝ արգելված, բարակ տոպրակներով։ Պարզ ասած՝ օրենքը չի գործում։ Պոլիէթիլենային տոպրակների վերահսկողությունը դրված է համայնքների վրա։ ՏԻՄ-երը պետք է հետևեն, որպեսզի խանութներում չօգտագործվեն արգելված տոպրակներ։ Բայց ոչ մի լուրջ հսկողություն չկա։ Արտադրողներն էլ ասում են՝ օրենքի առաջին ամիսներին մի քանի անգամ զգուշացումներ են եղել, հետո դրանք էլ դադարել են։
Արդյունքում փոքր խանութները շարունակում են պատվիրել էժան, բարակ տոպրակներ, իսկ խոշոր սուպերմարկետները օգտագործում են ավելի հաստ տարբերակները։ Արտադրողներից մեկնը ասում է, որ եթե վերահսկողություն լիներ, բոլորս ստիպված էինք համապատասխանել օրենքին։ Բայց երբ ոչ ոք չի ստուգում, մարդիկ էլ չեն պատրաստվում լրացուցիչ ծախսել։
Բնապահպանները կարծում են՝ օրենքի նման հատվածական լուծումները երբեք արդյունք չեն բերում։ «ԷկոԼուր» ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանն ասում է՝ պոլիէթիլենը միայն տեսանելի աղբ չէ․ այն լուրջ վնասում է հողը, ջուրը, կենդանիներին ու նույնիսկ մարդու առողջությանը։
Վերջին տարիներին Սևանի ավազանում կենդանիների օրգանիզմներում հայտնաբերվել են պլաստիկի կտորներ։ Խնդիրը համակարգային է․ ոչ միայն պոլիէթիլենը պետք է սահմանափակել, այլև աշխատել աղբի տեսակավորման ու վերամշակման վրա։ Առանց այդ ամենի օրենքները կմնան միայն թղթի վրա, – ասում է Զարաֆյանը։
Նրա խոսքով՝ հնարավոր չէ ամբողջությամբ հրաժարվել պլաստիկից, բայց պետք է նվազեցնել ծավալները և ներդնել արդյունավետ վերամշակման մեխանիզմներ։ Իսկ դրա հիմքում պետք է լինի կրթությունը․ մարդկանց պետք է սովորեցնել հրաժարվել ավելորդ պոլիէթիլենից ու ընտրել այլընտրանքներ։
Այսօր ցանկացած ոք կարող է տեսնել, որ օրենքը չի գործում։ Արտադրողները շարունակում են արտադրել բարակ տոպրակներ, խանութները՝ բաժանել դրանք։ Իսկ մինչ կառավարությունը «խստացնում է օրենքները», բնապահպանները շեշտում են՝ առանց հսկողության ու իրական տուգանքների ոչինչ չի փոխվի։ Արդյունքում ստացվում է, որ խնդրի լուծումը մնում է անորոշ։