
Հայաստանից դուրս որտեղ կարող են երթևեկել ազգային վարորդական վկայականով։
Հայ վարորդները հիմա կարող են ազատորեն վարել մեքենաներ ոչ միայն Վրաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում կամ Իտալիայում, այլև ավելի քան 70 երկրներում, որոնք միացել են 1968 թվականի Վիեննայի ճանապարհային կոնվենցիային։ Սակայն այդ համաձայնագրից բացի Հայաստանը ձգտում է ընդլայնել քաղաքականությունը և նոր համաձայնագրեր կնքել այլ պետությունների հետ։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակության սեպտեմբերի 30-ի այցի ընթացքում Արաբական Միացյալ Էմիրություններում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին իրենց ազգային վարորդական վկայականով անարգել երթևեկել այդ երկրում։ Բացի այդ, բնակության նպատակով գտնվելու դեպքում վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձին ազատում են տեսական և գործնական քննություններից։
Նման հնարավորություն ԱՄԷ քաղաքացիներն էլ կունենան Հայաստանում։ Այս քայլը, ըստ կողմերի, միտված է երկու պետությունների քաղաքացիներին ավելորդ վարչարարական դժվարություններից ազատելուն և ներքին գործերի նախարարությունների միջև համագործակցության ամրապնդմանը։
Նշենք, որ Հայաստանը միացած է 1968 թվականի Վիեննայի ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիային, ինչի շնորհիվ հայկական վարորդական վկայականները ճանաչվում են մի շարք երկրներում։ Այդ երկրների թվում են՝ Վրաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները, Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լյուքսեմբուրգը, Իսպանիան, Իտալիան, Լեհաստանը, Բելգիան, Ավստրիան, Հունգարիան, Հունաստանը, Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Չեխիան, Սլովակիան, Բուլղարիան, Սլովենիան, Խորվաթիան, Ռումինիան, Մոնտենեգրոն և մի շարք այլ եվրոպական պետություններ։