
Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» է կազմակերպվել
Շաքիի ջրվեժում կազմակերպվել է երեխայի սեռի որոշման արարողություն, ինչը անմիջապես գրավել է բնակիչների ու բնապահպանների ուշադրությունը։ Վերջիններս ահազանգել են Հայաստանի շրջակա միջավայրի նախարարություն, որն էլ իր հերթին հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով քաղաքացիներին զերծ մնալ նման քայլերից։
Նախարարությունը հիշեցնում է, որ Շաքիի ջրվեժը բնության ջրաերկրաբանական հուշարձան է, որն ընդգրկված է պետական պահպանության տակ։ Ըստ ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի՝ բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը կարող է վտանգել դրա պահպանությունը։
Նույն կերպ, խախտվել է նաև ՀՀ Բնապահպանության նախարարության այն հրամանը, որով արգելվում է հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործողություն։
Հարկ է նշել, որ Շաքիի ջրվեժը լեռնային ջրերի միջոցով է ձևավորվում։ Ջրվեժի ջուրը օգտագործվում է նաև ոռոգման ու համայնքային նպատակների համար և ցանկացած նման արարողություն կարող է մեծ վնաս հասցնել ինչպես բնությանը, այնպես էլ մարդկանց։