ՀայաստանՍոցիալական

Հայաստանից Շենգեն մուտք գործող քաղաքացիները պետք է նախապատրաստվեն նոր սահմանային համակարգին

2025 թվականի հոկտեմբերի 12-ից ուժի մեջ կմտնի Եվրոպական Միության նոր մուտքի/ելքի համակարգը՝ Entry/Exit System (EES), որը պարտադիր է Հայաստանի քաղաքացիների, ԵՄ կամ Շենգենյան երկրների քաղաքացիություն չունեցող անձանց համար։ Համակարգը կիրառվելու է օդանավակայաններում, ծովային նավահանգիստներում և ցամաքային սահմանային անցակետերում։

Համակարգը փոխարինելու է ներկայիս՝ անձնագրերում դրոշմակնիքների դնելու ընթացակարգին և ավտոմատ կերպով գրանցելու է Շենգենյան գոտի մուտք գործող յուրաքանչյու քաղաքացու մուտքի և ելքի տվյալները:

Գրանցվող տվյալները ներառելու են անձնական տվյալները (անուն, ազգանուն, քաղաքացիություն), ճամփորդական փաստաթղթի տեղեկություններ, մուտքի և ելքի ամսաթիվը և վայրը, ինչպես նաև կենսաչափական տվյալներ՝ մատնահետք և դեմքի լուսանկար: Համակարգը ավտոմատ կվերահսկի, թե արդյոք անձը կարող է մուտք գործել Շենգենյան գոտի և արդյոք չի գերազանցվել կարճաժամկետ մնալու «90 օր՝ յուրաքանչյուր 180 օր» կանոնը: