ՀայաստանՍոցիալական

Զոհված զինծառայողի հայրը կալանքի տակ է․ նրա առողջությունը վտանգի տակ է

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխված Արսեն Ղուկասյանը առողջական խնդիրներ ունի: Փաստաբան Տաթև Սողոյանը հայտնում է, որ նրա առողջությունը ծանր է, իսկ կալանավորումը հակասում է կառավարության որոշմանը և վտանգ է ստեղծում նրա համար:

Արսեն Ղուկասյանը ձերբակալվել է սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ՝ խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու մեղադրանքներով: Հոկտեմբերի 7-ին դատարանը որոշել է նրան կալանավորել մեկ ամսով, չնայած փաստաբանն արդեն ներկայացրել էր նրա սրտի ծանր հիվանդությունների և միջադեպի հետևանքով հնարավոր վնասվածքի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:

Փաստաբանի խոսքով՝ Ղուկասյանն ունի քրոնիկ կորոնար համախտանիշ, մի քանի անգամ տարել է սրտամկանի ինֆարկտ, երեք անգամ ստենտավորված է, տեղադրված է աջակցող սարք, և նրա զարկերակային ճնշումը բարձր ռիսկային է: Ձերբակալման և կալանավորման օրերին շտապօգնության խումբը արձանագրել է սրտի բարձր ճնշում և հնարավոր սարքի վնասվածք, սակայն անհրաժեշտ բուժօգնություն չի տրամադրվել:

Տաթև Սողոյանը ընդգծել է, որ արդեն ներկայացվել են բոլոր անհրաժեշտ բժշկական փաստաթղթերն ու միջնորդությունները համապատասխան մարմիններին, որպեսզի Արսեն Ղուկասյանին հնարավորինս արագ դուրս բերեն կալանավայրից և ապահովեն առողջական վերահսկողություն՝ նրան տեղափոխելով համապատասխան բժշկական կենտրոն: Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս չի արձագանքել։

Նրա հետ ձերբակալվել էր նաև Ապիջան Սարգսյանը, որը ազատ էր արձակել, իսկ Արսեն Ղուկասյանը` ոչ։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով