«Սյունիք» օդանավակայանը՝ միջազգային նոր օդանավակայան
Կապանի «Սյունիք» օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան։
Կառավարությունը հունվարի 22-ի նիստում հավանություն տվեց ՀՀ կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրի հինգերորդ լրացման նախագծին։
Պայմանագիրը կնքվել է 2001 թվականի դեկտեմբերի 17-ին։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանի խոսքով՝ ընդունված փոփոխություններով վերացվում են «Սյունիք» օդանավակայանի նկատմամբ գործող սահմանափակումները, իսկ կոնցեսիոն պայմանագրի ժամկետը երկարաձգվում է մինչև 2067 թվականի վերջը։
Կոնցեսիոները պարտավորվում է իրականացնել շուրջ 425 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ, որոնք կներկայացվեն կառավարության համաձայնեցմանը։
Սահմանվում է նաև, որ կոնցեսիոն պայմանագրի ժամկետի ավարտից կամ դրա վաղաժամ լուծման դեպքում օդանավակայանը և դրա բոլոր ենթակառուցվածքները պետք է վերադարձվեն կառավարությանը շահագործվող վիճակում։
Սիմոնյանը նշեց, որ տվյալ լրացմամբ ստեղծվում է նման իրավական հնարավորություն, քանի որ օդանավակայանը դուրս է բերվում գործող կոնցեսիոն պայմանագրով նախատեսված սահմանափակումներից, որոնք վերաբերում էին «Զվարթնոց» օդանավակայանի 250 կմ շառավղում գտնվող այլ օդանավակայաններին։
Նախատեսվում է, որ ներդրումային ծրագիրը կկատարվի մինչև 2033 թվականը։
