Փոփոխություններ են կատարվել անհուսալի վարկեր ունեցողներին աջակցության ծրագրում
ՀՀ կառավարությունը փոփոխություններ է մտցրել անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման ծրագրում։ Փոփոխությունների արդյունքում Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատողները նույնպես կկարողանան օգտվել ծրագրից։
Բացի այդ, եթե նախկինում տեխնիկական սխալների պատճառով շահառուներից որևէ մեկը աջակցություն չի ստացել, այժմ այն վերականգնելու հնարավորություն կա։
Որոշմամբ առաջարկվում է նաև սահմանել, որ մինչև այս որոշումն ուժի մեջ մտնելը տեղեկատվական բազաների միջև տվյալների փոխանակման ընթացքում ի հայտ եկած տեխնիկական վրիպակների արդյունքում շահառուի վարկային պարտավորության մարմանն ուղղված աջակցության ավել վճարված գումարները վարկատուների կողմից պետական բյուջե հետ վերադարձման ենթակա չեն:
Դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառու ֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը երեք և ավել տարի դասակարգված է որպես «անհուսալի», և միևնույն ժամանակ մայր գումարի գծով պարտավորությունը չի գերազանցում մեկ միլիոն դրամը։
Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը կազմում է շուրջ 341,000։ Վերջիններիս ընդհանուր վարկային բեռը կազմում է շուրջ 642 մլրդ դրամ (2023 թվականի ապրիլ ամսին կազմել էր 525 մլրդ)։ Ընդ որում, նրանց մինչև 20%-ն է, որն ունի ֆորմալ զբաղվածություն, մնացածը կամ չունեն աշխատանք կամ գտնվում են ոչ ֆորմալ զբաղվածության մեջ։ Նրանց 76%-ի աշխատավարձը ամսական 150,000 դրամից ցածր է, իսկ 60%-ինը՝ նվազագույն աշխատավարձից ցածր, իսկ միջին աշխատավարձը՝ շուրջ 145,000։
