Մոպեդների համար ԱՊՊԱ–ն կդառնա պարտադիր․ ի՞նչ փոփոխություններ կլինեն
Հայաստանում առաջարկվում է մոպեդների, տրիցիկլների և քվադրիցիկլների համար պարտադիր դարձնել ավտոքաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունը (ԱՊՊԱ)։ ՀՀ կառավարության նիստում նախագիծը հավանության է արժանացել և շուտով ներկայացվելու է Ազգային ժողովի քննարկմանը։
2010 թվականին ընդունված օրենքը սահմանում էր, որ ԱՊՊԱ-ն պարտադիր է միայն պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների համար։ Այդ ցանկի մեջ, սակայն, վերը նշված տրանսպորտային միջոցները չկային։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ վերջին տարիներին նման տրանսպորտային միջոցների թիվը զգալիորեն աճել է, հատկապես սննդի առաքման ծառայություններում, բայց դրանց ապահովագրումն այդքան էլ տարածված չէ։
Ավելի վաղ ոստիկանությունից հայտնել էին, որ մոպեդ վարելու համար անհրաժեշտ է վարորդական վկայականի «AM» ենթակարգ: Մոպեդին է հավասարեցված նաև կվադրոցիկլը:
Միևնույն ժամանակ՝ Ներքին գործերի նախարարությունից Amnews-ի հարցմանն ի պատասխան պարզ է դառնում, որ 2023 թվականի տվյալներով էլեկտրական շարժիչ ունեցող մեքենաների համար կնքվել է 7862 ԱՊՊԱ պայմանագիր, որոնցից 308-ը մոպեդների համար է։ Այդ ընթացքում ապահովագրական հատուցում է տրամադրվել 127 դեպքի համար, որոնցից 95-ը մոպեդների մասով։ Տրիցիկլների համար 2022–2025 թվականներին կնքվել է 111 ԱՊՊԱ պայմանագիր և գրանցվել է 1 պատահար, իսկ քվադրիցիկլների համար կնքվել է 2 պայմանագիր և գրանցվել 3 պատահար։
Նախագծի միջոցով հստակեցվում է նաև, որ այն մեքենաները, որոնք չեն համապատասխանում կառավարության սահմանած տեխնիկական չափանիշներին՝ շարժիչի ծավալ, առավելագույն արագություն կամ հզորություն, պարտադիր ապահովագրության ենթակա չեն։
