ՍոցիալականՍփյուռք

Ամերիկայում հակահայ քաղաքականություն է տարածվում․ հեղինակը Թուրքիայի քաղաքացիություն ունի

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը վտանգավոր և թունավոր քարոզչություն է անվանել «Medicare» և «Medicaid» ծառայությունների ադմինիստրատոր Մեհմեդ Օզի հայտարարություններն ու գործունեությունը։

Մասնագիտությամբ բժիշկ Օզն ունի Թուրքիայի և ԱՄՆ-ի քաղաքացիություն և հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ իր մտերիմ կապերով։ Վերջին շրջանում նա հանդես է գալիս հակահայկական հայտարարություններով՝ հայերին մեղադրելով Լոս Անջելեսի առողջապահության ոլորտում խարդախության մեջ։

Համբարյանի խոսքով, Օզը բացահայտումներում էթնիկ հարցն է խաղարկում՝ քավության նոխազ դարձնելով հայ համայնքին։

Նախորդ հետաքննություններում «LA Times»-ը տեղեկացրել էր, որ ԱՄՆ Կալիֆոռնիայում ամբողջովին լայնածավալ հետաքննություն է իրականացվում նպաստների հետ կապված խարդախությունների վերաբերյալ։ Օզը, որպես «օտարերկրյա ազդեցություն», մեղադրել է «ռուսական և հայկական հանցախմբերին»՝ մասնավորապես ընդգծելով, որ դրանք «հյուծում են առողջապահական պետական ծրագրերը և բժշկական օգնությունն անհասանելի դարձնում ամերիկացիների համար»։

Նշենք, որ 2022 թվականին Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիան, որին միացել էին նաև ամերիկյան հունական, հրեական, քրդական և այլ համայնքային կազմակերպություններ, խափանել էր Թուրքիայի նախագահի մտերիմ Մեհմեդ Օզին ԱՄՆ Սենատում ընտրվելու հնարավորությունը։ Օզը հայտնի է նաև Հայոց ցեղասպանությունը ժխտելու իր դիրքորոշմամբ, և նրա ընտրվելը կարող էր լուրջ խոչընդոտներ առաջացնել հայ-ամերիկյան հարաբերությունների համար։