ՀայաստանՍոցիալական

Կառավարությունը կփոխհատուցի նախկին ԽՍՀՄ Խնայբանկում ներդրված ավանդները որոշ խմբերի համար

ՀՀ կառավարությունը հունվարի 29-ի նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է փոխհատուցել մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված անձանց՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդները։

Որոշման համաձայն՝ փոխհատուցումը վերաբերում է «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիներին։ Սակայն որոշման մեջ չի հստակեցվում շահառուների թիվը և փոխհատուցման ենթակա ընդհանուր գումարի չափը։

Փոխհատուցում կստանան նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, ինչպես նաև այն քաղաքացիները, որոնք 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված են եղել ՀՀ սահմանամերձ համայնքներում և որոնց հողատարածքները մարտական գործողությունների հետևանքով չեն օգտագործվել կամ ենթարկվել են հակառակորդի գնդակոծության։

Նշվում է, որ փոխհատուցումը կկատարվի բացառապես անկանխիկ եղանակով։