Երևանում կրկին օդը աղտոտված է
Հունվարի 20–26-ը Երևանում գրանցվել են մթնոլորտային օդի որակի շեղումներ։ Այդ ժամանակահատվածում մի շարք վարչական շրջաններում արձանագրվել է փոշու և որոշ աղտոտիչների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում։
Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է քաղաքի չորս վարչական շրջաններում։ Կենտրոն վարչական շրջանում բարձր ցուցանիշներ են գրանցվել հունվարի 20–23-ը, ինչպես նաև հունվարի 25-ին։ Նոր Նորքում փոշու ավելցուկը արձանագրվել է հունվարի 20-ին, Արաբկիրում՝ հունվարի 23-ին, իսկ Շենգավիթում՝ հունվարի 21-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակության գերազանցում արձանագրվել է միայն Նոր Նորք վարչական շրջանում՝ հունվարի 21–22-ը և հունվարի 26-ին։ Մնացած վարչական շրջաններում՝ Կենտրոնում, Արաբկիրում և Շենգավիթում, այդ ցուցանիշը թույլատրելի սահմանների մեջ է եղել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը հաշվետու ժամանակահատվածում Երևանի բոլոր դիտարկվող վարչական շրջաններում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
