Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է․ ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
Փրկարար ծառայությունը հայտնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Միաժամանակ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Շիրակի և Արագածոտնի մարզերից դեպի Լոռու մարզ տանող ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Աշոցքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Հրազդանի, Սևանի, Արագածի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։
Շիրակի մարզում և Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում։
Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
