ՀայաստանՍոցիալական

Սևանա լճի մակարդակը մնում է ցածր

Սևանա լճի ջրի մակարդակը շարունակում է մնալ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր։ Այդ մասին տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում լճի մակարդակը փոփոխության չի ենթարկվել։ Փետրվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.23 մետր, ինչը անցյալ տարվա նույն օրվա ցուցանիշից ցածր է 13 սանտիմետրով։ Միևնույն ժամանակ, այն 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սանտիմետրով։

Ջրային հաշվեկշռի տվյալներով՝ Արփա–Սևան ջրատարով հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ է տեղափոխվել 1.001 միլիոն խորանարդ մետր ջուր։ Իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 1-ը ներառյալ ջրատարով լիճ մուտք գործած ջրի ընդհանուր ծավալը կազմել է 4.821 միլիոն խորանարդ մետր։

Հիշեցնենք, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» 2025 թվականի տարեվերջին հայտնել էր, որ տարվա ընթացքում Սևանա լճի ջրի մակարդակը նվազել է 17 սանտիմետրով։