Ֆիրդուսի փողոցի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել

Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել արդարադատության նախարարության դիմաց՝ պնդելով, որ իրենց տները, որոնք ճանաչվել են գերակա հանրային շահ, չեն գնահատվում շուկայական իրական արժեքով։

Բնակիչների խոսքով՝ գույքի գնահատման գործընթացը իրականացվել է առանց պատշաճ ուսումնասիրության և տեղազննման։ Նրանցից մեկի փոխանցմամբ՝ գնահատող կազմակերպության ներկայացուցիչները չեն այցելել իրենց տներ, չեն կատարել անհրաժեշտ չափագրումներ և ուսումնասիրություններ, իսկ վերջնական գնահատականը կազմվել է առանց իրական վիճակը հաշվի առնելու։

Բողոքող բնակիչները նշում են, որ խնդրի վերաբերյալ բազմաթիվ դիմումներ են հղել տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ վարչապետին և մարդու իրավունքների պաշտպանին, սակայն որևէ արդյունք չեն ստացել։ Նրանց պնդմամբ՝ սա առանձին թաղամասի կամ մի քանի ընտանիքի խնդիր չէ, այլ համակարգային մոտեցման հետևանք, որը վերաբերում է բոլոր այն տարածքներին, որտեղ գույքը ճանաչվում է գերակա հանրային շահ։

Բնակիչների համոզմամբ՝ նման դեպքերում ամբողջ մեխանիզմը գործում է ի նպաստ մեկ կամ երկու կառուցապատողի շահերի, մինչդեռ քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը մնում են անպաշտպան։ Նրանք նշում են, որ գերակա շահի ճանաչումից հետո մարդիկ հայտնվում են լուրջ հոգեբանական ճնշման տակ՝ գիտակցելով, որ փաստացի կանգնած են գույքի հարկադիր օտարման առաջ։

Ըստ բնակիչների՝ կան դեպքեր, երբ քաղաքի կենտրոնում գտնվող գույքի համար առաջարկվող փոխհատուցման գումարով հնարավոր չէ ձեռք բերել համարժեք բնակարան նույնիսկ Երևանի ծայրամասերում։ Նրանք ընդգծում են, որ արդեն ստացել են վտարման որոշումներ և հայտնվել են անորոշ վիճակում՝ չիմանալով, թե ինչպես լուծել իրենց բնակարանային հարցը։

Բնակիչները հիշեցնում են, որ տարիներ առաջ պաշտոնական մակարդակով հայտարարվել էր, թե Ֆիրդուսի թաղամասում գույքի մեկ քառակուսի մետրի արժեքը կգնահատվի բարձր սակագնով, սակայն փաստացի առաջարկված փոխհատուցումները այդ ցուցանիշներին չեն համապատասխանում և զգալիորեն ցածր են ակնկալվածից։

Հիշեցնենք, որ Ֆիրդուսի թաղամասում նախատեսվում է իրականացնել լայնածավալ քաղաքաշինական ծրագիր, որի շրջանակում կկառուցվի նոր բնակելի թաղամաս՝ բնակելի շենքերով, բիզնես կենտրոններով և հյուրանոցներով։