Ինչքա՞ն սիգ կարելի է որսալ 2026 թվականին

ՀՀ կառավարությունը թույլատրել է Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական որսը՝ մինչև 550 տոննա ընդհանուր չափաքանակով։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Որսը թույլատրվում է փետրվարի 6-իցմինչև նոյեմբերի 20-ը՝ լճի ամբողջ տարածքում։ Միայն ափից առնվազն 500 մետր հեռավորություն է սահմանվել։

Հարկ է նշել, որ նախորդ տարի Սևանա լճում սիգի թույլատրելի արդյունագործական որսի չափաքանակը կազմել էր 314 տոննա։

Սահմանվել են նաև որսի միջոցների սահմանափակումներ։ Չի թույլատրվում օգտագործել սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից պատրաստված այն ցանցերը, որոնց թելի տրամագիծը փոքր է 0,5 միլիմետրից, իսկ ցանցավանդակի չափը՝ 80 միլիմետրից (կառուցողական քայլը՝ 40 միլիմետրից)։

Որոշմամբ նաև սահմանվել է սիգի նախաձվադրման և ձվադրման ժամանակահատվածը՝ 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը։