Մերկասառույցի և վթարի պատճառով խցանում Երևան-Վանաձոր ճանապարհին․ երթևեկությունը վերականգնվել է
Երևան–Վանաձոր ավտոճանապարհի՝ Արտաշավան բնակավայրից մինչև Քուչակ տանող մոտ 18 կիլոմետրանոց հատվածում մերկասառույցի և բեռնատարի վթարի հետևանքով խոշոր խցանում է առաջացել։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից Amnews-ին հայտնեցին, որ առավոտյան ժամը 08։30-ի սահմաններում բեռնատար ավտոմեքենան վթարի է ենթարկվել և փակել ճանապարհը, ինչն էլ դարձել է խցանման հիմնական պատճառը։ Կուտակումն, ըստ կայքի, տևել է մոտ երկու ժամ։
Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ փետրվարի 7-ին ժամը 10։24-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում՝ Արտաշավանից դեպի «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում ճանապարհը երկկողմանի խցանված է։ Դեպքի վայր են մեկնել փրկարարներն ու պարեկները։
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով խցանման մեջ է հայտնվել շուրջ 80 ավտոմեքենա։ Փրկարարների և պարեկների համատեղ աշխատանքի արդյունքում խցանումը վերացվել է։ Ընդհանուր առմամբ՝ օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի և 170 քաղաքացու։
Ներկայումս ճանապարհահատվածը անցանելի է․ կատարվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Երթևեկությունը վերականգնվել է։

