Երևանում աղի կիրառման հետևանքով ճանապարհներին խնդիրներ են առաջացել. կսկսվեն փոսալցման աշխատանքներ

Երևանում ձնամաքրման աշխատանքների ընթացքում աղ-ավազի մեծ ծավալով կիրառման հետևանքով ճանապարհային ծածկի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նրա խոսքով՝ ձյան մաքրման աշխատանքներից հետո փողոցներում կուտակվել է զգալի քանակությամբ աղ, ինչը բացասաբար է անդրադարձել ճանապարհների վիճակի վրա և ավելացրել փոսերի առաջացման ռիսկը։

«Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը հայտնել է, որ ամեն օր տարբեր վարչական շրջաններում մոբիլիզացվում է համայնքային ողջ տեխնիկան, և մոտ 15 օրվա ընթացքում նախատեսվում է ավարտել հիմնական մաքրման աշխատանքները։

Քաղաքապետը ընդգծել է, որ այս տարի օգտագործված աղի մեծ ծավալը բերել է նաև լրացուցիչ խնդիրներ, ուստի անհրաժեշտ է իրականացնել փոսալցման լայնածավալ աշխատանքներ։ Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանի փոխանցմամբ՝ արդեն մի քանի անգամ իրականացվել են տեղային միջամտություններ, իսկ հիմնական փոսալցման աշխատանքները կմեկնարկեն այս շաբաթվա վերջից։

Ավինյանը հանձնարարել է գործընթացը կազմակերպել առավել ինտենսիվ և հնարավորինս արագ տեմպերով։