Վրաստանը մինչև 2030 թվականը կավարտի դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհի վերակառուցումը
Վրաստանը նախատեսում է մինչև 2030 թվականն ավարտել դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածի շինարարությունն ու վերակառուցումը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Խոսքը Ալգետի-Սադախլո ճանապարհահատվածի մասին է, որը հասնում է հայ-վրացական սահմանի գործող անցակետերից մեկին՝ Սադախլո-Բագրատաշենին։ Նախատեսվում է նաև ավարտին հասցնել Ռուսթավի-Կարմիր կամուրջ հատվածը Ադրբեջանի ուղղությամբ և կառուցել Բաթումի-Սարփի ճանապարհը՝ դեպի Թուրքիայի սահման։
Կոբախիձեն նշել է, որ Վրաստանի տարածքով անցնող բեռնափոխադրումները կարևոր նշանակություն ունեն երկրի տնտեսական զարգացման համար՝ հաշվի առնելով Չինաստանի, Թուրքիայի և Եվրամիության հետ ազատ առևտրի համաձայնագրերը։ Այդ շրջանակում իրականացվում են նաև Արևելք–Արևմուտք մայրուղու և դեպի Ռուսաստան տանող «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի կառուցման ծրագրերը։
Նշվում է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կատարվում են խոշոր ներդրումներ։ Դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհի արդիականացման համար նախատեսվում է ծախսել ավելի քան 22 միլիոն դոլար։

