2027 թվականից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը

Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների, ինչպես նաև պլաստիկից և փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների ու սպասքի վաճառքն ու առկայությունը։ Համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթը Ազգային ժողովը ընդունել է առաջին ընթերցմամբ։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը խորհրդարանին ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։

Նախագծով նախատեսվում է, որ արգելքը կգործի առևտրի օբյեկտներում, հանրային սննդի կետերում, տոնավաճառներում, ցուցահանդես-վաճառքներում, ինչպես նաև բացօթյա և շրջիկ առևտրի կետերում։

Միաժամանակ սահմանվում են բացառություններ․ արգելքը չի տարածվի կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի, երկրորդային հումքից արտադրված աղբի պարկերի, ինչպես նաև կշռափաթեթավորման նպատակով կիրառվող կափարիչով տարաների վրա։

Օրենքը խախտելու պարագայում՝ առաջին խախտման դեպքում տնտեսավարողը կստանա նախազգուշացում, իսկ հետո կկիրառվի տուգանք՝ 100-ից 150 հազար դրամի չափով։

Վերահսկողությունը կիրականացնեն տեղական ինքնակառավարման մարմիններն ու Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը՝ համատեղ ձևաչափով և դիտարկման մեխանիզմով։

Նախարար Մկրտչյանի խոսքով՝ նախաձեռնությունը հնարավորություն կտա Հայաստանին ներկայանալ որպես զարգացման սկզբունքներին հավատարիմ պետություն, քանի որ այն կընդունվի COP-17-ի նախաշեմին։

Մարինա Գրիգորյան