Արցախից բռնի տեղահանված քանի անձ է ստացել ՀՀ քաղաքացիություն

Արցախից բռնի տեղահանված շուրջ 30 000 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա տվյալներով՝ ՀՀ քաղաքացիություն է ստացել 20 769 անձ, ևս 9715 անչափահաս քաղաքացիություն է ձեռք բերել անձնագրավորման միջոցով։ Նախարարի խոսքով՝ քաղաքացիություն ստացածների մեծ մասը դիմել է 2025 թվականի երկրորդ կիսամյակում՝ գործընթացի պարզեցումից հետո։

Սարգսյանը նշել է, որ եթե նախկինում ստացվում էր օրական 40–50 դիմում, ապա այժմ էլեկտրոնային հարթակում օրական ստացվում է շուրջ 200 դիմում։ Նրա խոսքով՝ մինչ այս պահը մերժման դեպքեր չեն արձանագրվել։ Տարվա սկզբից արդեն ստացվել է մոտ 1000 դիմում բռնի տեղահանված անձանցից։

ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ Արցախից 2023 թվականի սեպտեմբերից հետո բռնի տեղահանվել է 115 365 մարդ։