Հոբարձի գյուղի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է
Լոռու մարզում կասեցվել է Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Հոբարձի գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում և արձանագրել մի շարք սանիտարահիգիենիկ խախտումներ։
Մասնավորապես՝ խոհանոցի հատակը, պատերը, առաստաղը և դռները չեն ունեցել հարթ մակերես և գտնվել են ոչ նորոգ վիճակում։ Աշխատանքային մակերևույթներն ու սարքավորումները չեն պահպանվել պատշաճ վիճակում, ինչը դժվարացրել է դրանց մաքրումն ու ախտահանումը։
Բացի այդ, սննդի կառույցում բացակայել է ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարան՝ ապահովված տաք և սառը ջրով, ինչպես նաև ախտահանման և հիգիենիկ չորացման միջոցներով։
Ստուգման արդյունքում արձանագրվել է նաև, որ առկա արհեստական օդափոխության համակարգը չի կանխել աղտոտված օդի ներթափանցումը, իսկ անձնակազմը չի ապահովվել հանդերձարանով։
Հաշվի առնելով հայտնաբերված խախտումները՝ մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է։ ՀՈԱԿ-ի տնօրենին հանձնարարվել է սահմանված ժամկետում վերացնել թերությունները։

