Բաքվի դատավճիռները և բացթողումները․ հարցազրույց Արտակ Բեգլարյանի հետ

Փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը հրապարակեց Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ հարուցված գործերով դատավճիռները։ Ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը և Արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը։

20 տարվա ազատազրկման են դատապարտվել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։

Նրանց մեղադրանք է առաջադրվել մի քանի տասնյակ հոդվածներով՝ սկսած պատերազմ նախապատրաստելու, ցեղասպանության, պատերազմի օրենքների ու սովորույթների խախտման մեղադրանքներից մինչև ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում և իշխանության բռնի զավթում։

Թեմայի շուրջ զրուցել ենք Արցախի նախկին ՄԻՊ, «Արցախ Միության» նախագահ Արտակ Բեգլարյանի հետ՝ ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված դատավճիռների, Հայաստանի իշխանությունների քայլերի, գերիների վերադարձի հնարավոր մեխանիզմների և այլնի վերաբերյալ։

Պարոն Բեգլարյանը Հայաստանի իշխանությունների իրավական գործողությունները միջազգային հարթակներում գնահատում է որպես ոչ բավարար։ Նրա խոսքով՝ շատ քայլեր, որոնք պետք է արվեին, չեն արվել։

«Հաճախ փորձում են արդարանալ, թե բազմաթիվ գործողություններ են իրականացնում, պարզապես դրանք հրապարակային չեն՝ թեմայի զգայուն լինելու պատճառով։ Բայց ես կարծում եմ, որ վարագույրի հետևում հաճախ կոծկվում է անգործությունը»,- նշում է նա։

Խոսելով իշխանությունների անելիքների մասին՝ Բեգլարյանը շեշտում է, որ գերիների հարցը պետք էր դնել որպես կտրուկ նախապայման Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Նրա համոզմամբ՝ միջնորդների հետ շփումներում ևս այդ հարցը պետք է ներկայացվեր որպես առաջնային։

Անդրադառնալով ամերիկյան դերակատարությանը՝ Բեգլարյանն ընդգծում է, որ Հայաստանը հավասարակշռության խնդիր ունի Ադրբեջանի հետ հարաբերություններում, իսկ ԱՄՆ-ը շահագրգռված է խաղաղության գործընթացով։ Նրա կարծիքով՝ եթե օգոստոսի 8-ի համաձայնագրի ստորագրման նախապայման դրվեր գերիների վերադարձը, ապա Թրամփի ադմինիստրացիան կարող էր կոշտ միջամտությամբ հասնել արդյունքի։ «Դա իրատեսական սցենար էր»,- մեզ հետ զրույցում նշում է նա։

Բեգլարյանի խոսքով՝ անգործություն է նկատվել նաև շինծու դատավարությունների մոնիթորինգի և գերիների նկատմամբ միջազգային մուտքի ապահովման հարցում։ Նա հիշեցնում է, որ Կարմիր խաչի դուրս գալուց հետո ևս որևէ գործուն քայլ չի հետևել, մինչդեռ առաջարկվել էին կոնկրետ մեխանիզմներ, և շվեյցարական կողմում որոշակի հետաքրքրություն կար։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը կարող էր դիմել Շվեյցարիային՝ որպես երրորդ երկիր, հյուպատոսական հարցերը լուծելու համար։

Խոսելով ԱՄՆ փոխնախագահ Ջի Դի Վենսի այցերի հնարավոր ազդեցության մասին՝ Բեգլարյանը նկատում է, որ նման այցերը կարող էին և դեռ կարող են ազդեցություն ունենալ, սակայն հարցը պետք է ներկայացվի որպես սկզբունքային պահանջ, այլ ոչ թե բարի կամքի դրսևորում։

«Ալիևը պրագմատիկ դիկտատոր է․ իր հետ պետք է խոսել կամ ուժի լեզվով, կամ քաղաքական առևտրի»,- ասում է նա՝ հավելելով, որ ամերիկյան կողմը կարող էր կիրառել երկրորդ տարբերակը, քանի որ TRIPP-ը Ադրբեջանի համար սկզբունքային է, իսկ ԱՄՆ-ը՝ դրա երաշխավորը։

Սփյուռքի դերի վերաբերյալ Բեգլարյանը նշում է՝ հնարավոր է ավելի համակարգված ճնշում իրականացնել հյուրընկալ երկրների իշխանությունների միջոցով։ Նրա խոսքով՝ հատկապես ամերիկահայ սփյուռքն ունի ազդեցության ներուժ, սակայն ջանքերը հաճախ հատվածական են՝ պայմանավորված ինչպես ներքին պառակտվածությամբ, այնպես էլ Հայաստանի իշխանությունների կողմից հստակ ազդակների բացակայությամբ։

«Արցախ միության» նախագահ Արտակ Բեգլարյանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ երբԱրցախի կորստի մեղադրանքը Բաքվում պահվող ռազմաքաղաքական ղեկավարության վրա է գցվում, դա նվազեցնում է հանրային ճնշումն ու համախմբվածությունը թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։

Մարինա Գրիգորյան