ՄԻՊ-ը Սահմանադրական դատարանում վիճարկում է չվճարված կենսաթոշակի սահմանափակումը
Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը՝ կենսաթոշակի չվճարված գումարների տրամադրման կարգի վերաբերյալ։
Պաշտպանի գնահատմամբ՝ ստեղծվում են իրավիճակներ, երբ անձը ունի կենսաթոշակ ստանալու իրավունք, սակայն գործող կարգավորման պատճառով զրկվում է իրեն հասանելիք գումարների մի մասից։ Հարցը վերաբերում է բազմաթիվ քաղաքացիների, որոնցից շատերը խնդրի լուծման նպատակով դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին։
Դիմումով վիճարկվում է գործող այն կարգավորումը, ըստ որի՝ եթե կենսաթոշակի վճարումը դադարեցվել է, ապա հետագայում այն վերականգնելու դեպքում չվճարված գումարը կարող է վճարվել միայն վերջին մեկ տարվա համար՝ մինչև դիմելու կամ համապատասխան տեղեկատվությունը ստանալու օրը։ Այսինքն՝ անգամ եթե անձը տվյալ ամբողջ ժամանակահատվածում ունեցել է կենսաթոշակ ստանալու իրավունք, նա կարող է ստանալ միայն մեկ տարվա գումարը։
Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում այս սահմանափակումը՝ նշելով, որ այն կարող է հակասել Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքին։
Պաշտպան Անահիտ Մանասյանը ընդգծել է, որ պետության ցանկացած միջամտություն սեփականության իրավունքին պետք է լինի օրինական, կանխատեսելի և համաչափ։ Սեփականությունից զրկումը կարող է կիրառվել միայն բացառիկ դեպքերում և օրենքով հստակ սահմանված պայմաններով։
Դիմումում հղում է արվում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայուն նախադեպային դիրքորոշումներին, որոնց համաձայն՝ սեփականության իրավունքը հիմնարար իրավունք է, և դրա սահմանափակումը հնարավոր է միայն օրենքով և հստակ պայմաններով։

