Ֆրանսերեն առարկայի դասագրքերը կթարմացվեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության միջև ստորագրվել է գործընկերության համաձայնագիր, որի նպատակն է համատեղ մշակել և արդիականացնել ֆրանսերենի դպրոցական դասագրքերը։

Նախաձեռնությունը միտված է «FEF 2025–2026․ Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի արդյունավետ իրականացմանը և հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման որակի բարձրացմանը։

Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Միջոցառմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը։

Նախարար Ժաննա Անդրեասյանը համաձայնագրի ստորագրումը գնահատել է որպես կարևոր քայլ Հայաստան-Ֆրանսիա կրթական համագործակցության խորացման ճանապարհին։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին արդեն իրականացվել են մի շարք ծրագրեր՝ ուղղված դպրոցներում ֆրանսերենի ուսուցման ընդլայնմանը և «Ֆրանսերեն» առարկան դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանը։

Համաձայնագրով նախատեսվում է, որ 2027-2028 ուսումնական տարվա մեկնարկին հանրակրթական դպրոցներում «Ֆրանսերեն» առարկան ուսումնասիրող սովորողները և դասավանդող ուսուցիչները կունենան օտար լեզվի նոր ծրագրերին համապատասխանող դասագրքեր, մեթոդական ձեռնարկներ և հավելյալ ուսումնաօժանդակ նյութեր։

Մարինա Գրիգորյան