Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով։
Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Այցի ընթացքում կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են արդեն իրականացված և ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև առաջիկա փուլերը։
Քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել աշխատանքների որակի ապահովման, տեխնիկական հսկողության, ինչպես նաև սահմանված ժամկետների պահպանմանն առնչվող մի շարք հարցերի։ Նախարարն ընդգծել է ծրագրի պատշաճ և ժամանակին իրականացման կարևորությունը՝ հաշվի առնելով հուշահամալիրի նշանակությունը։
Հիշեցնենք, որ հուշահամալիրի վերանորոգումը քննարկումների կենտրոնում է։ Բարձրացված աղմուկը պայմանավորված է շինարարական աշխատաքներով. շատերը կարծում են, որ Ծիծեռնակաբերդը «քանդվում է»՝ վերանորոգման փոխարեն։

