Հայաստանի ավտոճանապարհները հիմնականում բաց են

Ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ փետրվարի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են երթևեկության համար։

Միաժամանակ կան առանձին սահմանափակումներ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզում փակ են «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Եղանակային պայմանները տարբեր հատվածներում շարունակում են բարդ լինել։ Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է՝ տեսանելիությունը 100–150 մետր։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները կատարում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ։ Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Ինչ վերաբերում է Վերին Լարսին, ապա Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը փոխանցել են Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտը և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնը։