S&P Global-ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը

Միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություն S&P Global-ը վերանայել է Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը՝ այն դարձնելով «դրական»՝ միաժամանակ հաստատելով երկրի վարկանիշը «BB-» մակարդակում։

Այս որոշումը հաջորդում է Fitch Ratings-ի կողմից Հայաստանի վարկանիշի նմանատիպ բարելավմանը և վկայում է երկրի նկատմամբ ձևավորված միջազգային տնտեսական վստահության շարունակական ամրապնդման մասին։

Գործակալության գնահատմամբ՝ հեռանկարի վերանայումը պայմանավորված է մի շարք առանցքային գործոններով․ տարածաշրջանային իրավիճակի բարելավման ներուժով, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրվող առաջընթացով, Հայաստանի տնտեսական աճի պահպանվող դրական դինամիկայով, միջազգային պահուստների ավելի բարձր մակարդակով, ճկուն փոխարժեքային քաղաքականությամբ, որը հնարավորություն է տալիս կլանել արտաքին ցնցումները։

S&P Global-ը նաև ընդգծում է, որ վարկանիշի հիմքում Կառավարության հետևողական հարկաբյուջետային քաղաքականությունն է, մեղմացող ռիսկերը և արտարժութային համեմատաբար ամուր դիրքերը։

Նշենք, որ վարկանիշի «դրական» հեռանկարի սահմանումը նշանակում է, որ առաջիկա վերանայումների ընթացքում առկա է վարկանիշի փաստացի բարձրացման զգալի հավանականություն։

Մարինա Գրիգորյան