Մետրոյի «Սուրմալու» կայարանի էսքիզի մրցույթը հայտարարված է

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անետա Բաբայանը հայտնել է, որ մետրոյի «Սուրմալու» կայարանի կառուցման համար խորհրդատվական ծառայությունների մրցույթը կայացել է։

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ այս շաբաթ պայմանագիր կկնքվի հաղթող ընկերության՝ «Կոնսորցիումի» հետ։ Դրանից հետո, ֆինանսական միջոցների ապահովման և համապատասխան համաձայնագրի կնքման դեպքում, աշխատանքները կարող են մեկնարկել։ Խորհրդատվական աշխատանքների իրականացման համար նախատեսված է 120 օր։

Միաժամանակ հայտարարված է նաև քաղաքաշինական հայեցակարգի և էսքիզային նախագծի մրցույթը, որի վերջնաժամկետը մարտի 16-ն է։ Նախատեսվում է, որ պայմանագիրը կկնքվի ապրիլին, իսկ աշխատանքների իրականացման համար սահմանված է 150 օր։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը գտնվում է ավարտական փուլում, իսկ շինարարությունը նախատեսվում է սկսել 2025 թվականի վերջին կամ 2026 թվականի սկզբին։ Երևանի մետրոպոլիտենի 11-րդ կայարանի նախագիծը մշակվում է 2022 թվականից ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից։

Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է շուրջ 250 մլն դոլար, իսկ շինարարության նախատեսվում է ավարտին հասցնել 5 տարում։