ՀՀ քաղաքացիներին տեղափոխող օդանավը Օմանից հասել է Երևան
Fly One Armenia ավիաընկերության ինքնաթիռը Մասկատից ժամանել է Երևան։ Տեղեկությունը հաստատել են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։
Ինքնաթիռը Մասկատից մեկնել է վաղ առավոտյան և Հայաստան է հասել Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Թուրքիայի օդային տարածքով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավիաընկերության օդանավը Երևանից մեկնել է Մասկատ՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու նպատակով։ Ընկերությունը հայտարարել էր, որ մարտի 3-ին կիրականացվի Մասկատ–Երևան հատուկ չվերթը։ Տոմսերի գները սկսվում էին 1049 եվրոյից։
Ուղևորների թվի վերաբերյալ պաշտոնական տվյալներ առայժմ չեն հրապարակվել։
Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ էր արել Օմանից կամավոր վերադառնալ ցանկացող քաղաքացիներին լրացնել համապատասխան դիմում։ Նշվել էր նաև, որ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանատունը կաջակցի քաղաքացիների՝ ԱՄԷ-ից Օման տեղափոխմանը, ընդ որում առաջնահերթություն կտրվի կանանց, երեխաներին և տարեցներին։
Հիշեցնենք, որ Օմանում և ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան ռազմաբազաներն ու ենթակառուցվածքները հայտնվել են Իրանի հարվածների թիրախում՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակումներից հետո։

