Արամ Ա. Վեհափառ Հայրապետն ուղերձ է հղել հայ համայնքներին

Վերջին օրերին ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ծավալված ռազմական գործողությունները ընդգրկել են ամբողջ Միջին Արևելքը։ Այդ իրավիճակն ազդել է նաև տարածաշրջանում հաստատված հայ համայնքների վրա, որոնք կանգնած են պատերազմի հետևանքների առջև:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մտահոգությամբ հետևում է ստեղծված վտանգալից իրավիճակին և մշտապես կապի մեջ է Միջին Արևելքի հայ համայնքների հետ։ Սակայն Իրանի հայ թեմերի հետ մինչ այժմ հնարավոր չի եղել կապ հաստատել՝ հաղորդակցման միջոցների ընդհատման պատճառով:

Վեհափառ Հայրապետը իր ուղերձում խոր ցավակցություն է հայտնել բոլոր զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: Նա միաժամանակ կոչ է արել դադարեցնել պատերազմական գործողությունները և քաղաքական բանակցությունների միջոցով գտնել խնդիրների արդար լուծում:

Ուղերձում կոչ է արվում նաև համայնքների պատասխանատուներին՝ առավելագույնս պաշտպանելու հայ գաղութները վտանգավոր իրավիճակից և աջակցելու համայնքային կարիքներին՝ մշտապես պահպանելով կապը Անթիլիասի Մայրավանքի հետ։

Այսօր երեկոյան Վեհափառ Հայրապետի նախագահությամբ նախատեսված է Ազգային Կեդրոնական Վարչության արտակարգ նիստ, որի ընթացքում կքննարկվեն իրավիճակի առնչվող հարցեր և համայնքներին ցուցաբերվելիք աջակցությունը:

Մարինա Գրիգորյան