Հայաստանում երեխաների և տարեցների խնամքի մի շարք կենտրոններ կմիավորվեն․ մի շարք աշխատակիցներ գործազուրկ կդառնան։
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել միավորել երեխաների և տարեցների խնամքի մի շարք կենտրոններ՝ բարձրացնելու կառավարման արդյունավետությունը, օպտիմալ օգտագործելու ֆինանսական ռեսուրսները և պարզեցնելու կառավարման գործընթացները։
Ըստ որոշման՝ «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» և «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ–ները կմիանան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաներին աջակցության կենտրոնին»՝ ձևավորելով Աջափնյակի և Նուբարաշենի մասնաճյուղեր։
Միավորման արդյունքում «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» և «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ–ները ևս կմիավորվեն՝ ստեղծելով Մարի Իզմիրլյանի մասնաճյուղ։
Նույն գործընթացը կիրականացվի նաև «Հաղթանակ» և «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոնների դեպքում, որոնց միավորմամբ կստեղծվի Մալաթիա–Սեբաստիայի մասնաճյուղ։
Վերակազմավորումը կվերաբերի նաև «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնին» և «Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ–ին», որոնց միավորմամբ կստեղծվի Գյումրու մասնաճյուղ։
Կառավարության հիմնավորմամբ՝ առանձին գործող հաստատությունները հաճախ իրականացնում են միայն մեկ տեսակի գործառույթ, ինչը դժվարացնում է բազմակողմանի աջակցություն տրամադրելը շահառուներին։ Միևնույն ժամանակ, նույնատիպ ծառայությունների կենտրոնացումը մեկ հաստատությունում հակասում է ներառականության սկզբունքին և խոչընդոտում մասնագետների հավասարաչափ մասնագիտական զարգացմանը։
Նշվում է, որ վերակազմավորման արդյունքում կկրճատվեն փոխկրկնվող կամ համընկնող գործառույթներ իրականացնող հաստիքները, ինչը կնվազեցնի վարչական ծախսերը և կբարձրացնի կառավարման արդյունավետությունը։ Արդյունքում` մի շարք քաղաքացիներ անգործ կմնան։

