
Արցախյան հակամարտության հետևանքով շուրջ 5000 անձ համարվում է անհետ կորած․ Զառա Ամատունի
Արցախյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց թիվը, ըստ Կարմի խաչի միջազգային կոմիտեի, հասնում է մոտ 5000-ի։ Տեղեկությունը հավաքվել է՝ հիմնվելով ընտանիքների հայտերի վրա։ Տվյալները վերաբերում են ինչպես 2020 — 2023 թվականների Արցախյան վերջին պատերազմներին, այնպես էլ 90-ականների։ Նրանցից շուրջ 1000-ը Հայաստանի քաղաքացիներ են։ Ցանկի մեջ են մտնում նաև այն անձինք, որոնց հարազատները նրանց համարում են անհետ կորած՝ չնայած այն հանգամանքին, որ առկա է ԴՆԹ թեստի պատասխանը։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Արցախյան հակամարտության հետևանքով 1988-2005 թվականներին անհայտ կորածների թիվը Հայաստանից կազմում է 437 անձ: Նրանցից 224-ը զինծառայողներ են, 213-ը՝ խաղաղ բնակիչ: Արցախից անհայտ կորած է համարվում 723 անձ, որոնցից 250-ը՝ զինծառայող, 473-ը՝ խաղաղ բնակիչ: Մյուս անձինք հիմնականում 2020-2024 թվականների իրադարձությունների ժամանակ են անհետացել
Անհետ կորած անձանց որոնումները, սակայն, ինչպես նշել է Ամատունին, իշխանությունների գործն են։ Նա առաջարկել է քարտեզագրել հուղարկավորման հնարավոր վայրերը, երբ քիչ թե շատ տեղեկություններ են հայտնի որևէ անձի մասին։