
Հայաստանի քաղաքացիություն չունեցող արցախցիների մեծ մասը չի կարողացել աշխատանքի անցնել պետական կառույցներում
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը մի հետազոտություն է հրապարակել, որի մեջ խոսվում է Արցախից բռնի տեղահանված անձանց զբաղվածության և աշխատանքային իրավունքների հնարավորությունների մասին։
Հայաստան տեղափոխվելուց մեկ տարի անց արցախցիների զգալի մասը դեռևս կանգնած է զբաղվածության հարցի լուծման լուրջ խոչընդոտների առաջ, որոնք պայմանավորված են ինչպես իրավական, այնպես էլ սոցիալական-տնտեսական գործոններով։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ արցախցիների մեծամասնությունը աշխատանքի է ընդունվել սպասարկման ոլորտում՝ խանութներ, ծաղկի սրահներ, գեղեցկության սրահներ և այլն։ Ավտոմեքենա ունեցող տղամարդկանց մեծամասնությունը սկսել է զբաղվել տաքսի ծառայություն մատուցելով։ Որոշներն էլ օգտվել են աշխատանքի տոնավաճառներից և նման այլ միջոցառումներից և ինչ-որ աշխատանքներ գտել։ Այնուամենայնիվ 2024 թվականի հունիս ամսվա տվյալներով ոչ պետական կառույցների կողմից արցախցիներին աշխատանքային կողմնորոշման և աշխատանքի տեղավորման հետ կապված նախաձեռնությունները նվազել են։
Ընդհանուր առմամբ, ըստ նախարարությունների կողմից ներկայացված պատասխանների, հանրային ծառայության անցնելու համար ներկայացվել է 185 դիմում, որից 164-ը մերժվել է: Աշխատանքի է ընդունվել ընդամենը 17 բռնի տեղահանված, որոնք ունեցել են Հայաստանի քաղաքացիություն։ 97 հոգի աշխատանքի համար դիմել են Ֆինանսների նախարարություն, սակայն նրանցից միայն 3-ն են անցել աշխատանքի Հայաստանում։
Խնդիրների են բախվել նաև ուսուցիչները, բուժաշխատողները, արհեստավորները, ոստիկանները և այլք։ Այնումենայնիվ հետազոտությունից պարզ է դառնում, որ բռնի տեղահանված արցախցիները զրկված են պետական համակարգում աշխատանքի անցնելու հնարավորությունից, քանի որ չունեն Հայաստանի քաղաքացիություն։ Հոկտեմբերի 10-ի դրությամբ ՀՀ քաղաքացիություն է ստացել 3431 արցախցի, ևս 5409 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար։