
Բնակիչները դիմել են համայնքին, համայնքը փորձել է լուծել խնդիրը և վերջում տուգանվել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդագրություն է տարածել, որ Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղի վարչական տարածքում սարի քանդման աշխատանքների վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Արդյունքում՝ Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 50․000 դրամ և 224․537 դրամ՝ շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման համար։ Նույն պատճառներով տուգանվել է նաև քաղաքացի Կ․Գ․-ն (30․000 + 221․484)։
Հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Գառնիի համայնքապետարանի կողմից ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելու ընթացքում դեգրադացվել է 5811քմ, իսկ քաղաքացի Կ.Գ.-ի կատարած հողի քանդման և հարթեցման աշխատանքների հետևանքով՝ 5732քմ գյուղատնտեսական նշանակության հողի բերրի շերտ, — նշված է հաղորդագրության մեջ։
Հողային աշխատանքները, ըստ տեսչական մարմնի, կատարվել են փաստաթղթային հիմքերի բացակայությամբ։
Այս թեմայով պարզաբանումներ ստանալու համար AMNEWS-ը կապվել է համայնքապետի հետ։
Այդ տարածքը համայնքին պատկանող տարածք է եղել, դաշտամիջյան ճանապարհ։ Ընդամենը ճանապարհի հարթեցման աշխատանքներ են արվել։ Ճանապարհի որոշ հատված համայնքն է հարթեցրել, մյուս մասը՝ բնակիչը։ Այդտեղ վաղուց ճանապարհ է եղել, և մարդիկ գնացել են իրենց հողատարածքները։ Սակայն բնակիչները դիմել են համայնքին, որ իրենց հողատարածքներ դժվարությամբ են հասնում, համայնքն էլ միջոցառումներ է ձեռնարկել։
Այսինքն՝ ժողովուրդը դիմել է համայնքին խնդիրը լուծելու համար։ Համայնքապետարանը որոշ քայլեր է ձեռնարկել և սկսել ճանապարհի հարթեցման աշխատանքներ կատարել, ինչի արդյունքում թե՛ համայնքը, թե՛ գործողություններ իրականացնող քաղաքացին տուգանվել են։