
Փակվում է «Դատապարտյալների հիվանդանոցը»
ՀՀ կառավարության նիստի ընթացքում ընդունվել է որոշում, որով դադարեցվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը: Դատապարտյալների և կալանավորված անձանց բուժումը այժմ կազմակերպվելու է «Արմավիր» ՔԿՀ–ում ստեղծված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նոր տեղամասում, իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժումը՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» մասնագիտական կենտրոնում:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխությամբ նպատակ է դրվում ապահովել քրեակատարողական համակարգի օպտիմալ և արդյունավետ գործունեություն, ինչպես նաև ֆինանսական միջոցների նպատակային տնօրինում:
Սակայն ավելի վաղ քննարկման դրված նախագծում նշվում էր, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկը չի համապատասխանում բժշկական հաստատությանը ներկայացվող արդի պահանջներին, ինչը բազմիցս արձանագրվել է միջազգային և տեղական մարմինների կողմից: Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն ևս մի քանի անգամ անդրադարձել է այս քրեակատարողական հիմնարկի վիճակին: Կոչ է արել շուտ փակել այն:
Համապատասխան զենքերը, զինամթերքը և հատուկ միջոցները կհանձնվեն Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի պահպանության ապահովման բաժին, այն բանից հետո, երբ դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրման գործընթացը կկատարվի:
Նշենք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից բացի մինչև 2026թ. ավարտը դիտարկվում է փակել նաև «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկները: Ավելի վաղ փակվել են «Կոշ» և «Հրազդան» ՔԿՀ-ները: