ԱրցախՍոցիալական

Արցախից տեղահանված 270 ընտանիքի տրվել է հավաստագիր

Արցախից բռնի տեղահանված 270 ընտանիք ստացել է հավաստագիր՝ բնակարանի ձեռքբերման, կառուցման և գործող հիփոթեքային վարկերի մարման համար։ Այս մասին հայտնում են Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Ծրագրի շրջանակներում ընտանիքի յուրաքանչյուր անդամ 2-5 մլն դրամ աջակցություն է ստանում։ Առաջին փուլում ընդգրկվել են

• 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն, 

• 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն,

• զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն կամ կառուցել այն,

• գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը,

• ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։ 

Սակայն ծրագրին մասնակցելու համար մի քանի անհրաժեշտ պայման կա։ Դիմող քաղաքացիները պետք է Արցախից տեղահանված լինեն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, լինեն Հայաստանի քաղաքացի, չունենան սեփականություն։ Նրանք նաև չպետք է հանդիսանան Արցախի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։

Գործընթացը դեռ շարունակվում է։