ՀայաստանՍոցիալական

Հայաստանում համայնքների թիվը նվազեցվել է՝ հասնելով 71-ի

Երևանում ներկայացվել է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ունեցած ազդեցությունների վերլուծության արդյունքները։

2015 թվականին մեկնարկած վարչատարածքային բարեփոխումների արդյունքում Հայաստանի համայնքների թիվը կրճատվել է՝ 915-ից դառնալով 71: Այս թվի մեջ 64-ը միավորված, 7-ը՝ առանձին համայնքներն են։ Բարեփոխումները նպատակ ունեին ուժեղացնել տեղական ինքնակառավարումը, բարելավել ծառայությունների մատուցումը և խթանել տնտեսական զարգացումը։

Դեռ հեղափոխությունից առաջ հանրապետության 486 համայնքներ միավորվել ու 9 անգամ կրճատվելով՝ 54-ն էին դարձել։ Այդ ընթացքում էլ փոքր համայնքներում դժգոհություններ կային։ Շատ բնակիչներ մտածում էին, որ խոշորացման արդյունքում փոքր գյուղերը կարող են մղվել երկրորդ պլան։

Այնուամենայնիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բարեփոխման միջոցով զգալի փոփոխություններ են եղել տեղական կառավարման, ծառայությունների մատուցման և ֆինանսական ոլորտներում։ Խոշորացումների վերաբերյալ բնակիչների ընկալումը նույնպես քիչ թե շատ փոխվել է։

Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) եղել է վարչատարածքային բարեփոխումների աջակցող հիմնական գործընկերներից մեկը։ Ընդհանուր առմամբ՝ Հայաստանում տեղական կառավարման ոլորտում կատարել է մոտ 18 միլիոն ֆրանկի ներդրում։

Համաժողովին մասնակցել են Հայաստանի կառավարության, միջազգային կառույցների, համայնքապետարանների ներկայացուցիչներ և բարեփոխումների գնահատման փորձագետներ: