
Ռուսաստանում գտնվելու ժամկետի նոր սահմանափակումները կարող են վերացվել․ ի՞նչ պետք է իմանան հայ վարորդները
ԵԱՏՄ երկրներից (Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան և Բելառուս) վարորդների համար Ռուսաստանում գտնվելու ժամկետի սահմանափակումները կարող են վերացվել, հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից։ ԵՏՀ-ից հայտնում են, որ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է, և հանձնաժողովը բոլոր հնարավոր միջոցներն է ձեռնարկում՝ խնդիրը լուծելու համար։ Օպերատիվ շտաբ է ստեղծվել, որտեղ ներգրավված են հանձնաժողովի, իրավասու մարմինների և ԵԱՏՄ անդամ պետությունների գործարար համայնքի ներկայացուցիչներ։ Շտաբը հետևում է միջազգային փոխադրումների ընթացքում միգրացիոն ընթացակարգերի հետ կապված դեպքերին և դրանք փոխանցում ՌԴ մարմիններին՝ խնդիրը արագ լուծելու նպատակով։
Աշխատանքներն իրականացվում են երկու ուղղությամբ։ Առաջին` թիվ 115 դաշնային օրենքի իրագործման շրջանակում վարչարարական միջոցառումների ենթարկված` միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացի վարորդների նկատմամբ բոլոր սահմանափակումների չեղարկման հարցի արագ լուծումը։ Երկրորդ` առաջացած խնդրի համակարգված լուծում, այն է` ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացի հանդիսացող և միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող վարորդների վրա չտարածել թիվ 115 օրենքի նոր նորմերը, որոնք կարգավորում են ՌԴ տարածքում ժամանակավոր գտնվելու ժամկետները
Այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով, օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ միայն 90 օր՝ մինչ այս թույլատրված 180 օրվա մեջ 90 օրվա փոխարեն։ Այս փոփոխությունը հատկապես դժվարություններ է ստեղծում ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների համար, քանի որ նրանց շատ ժամանակը անցնում է հերթերում, օրինակ՝ Վլադիկավկազում կամ Վերին Լարսում։ ՀՀ որոշ բեռնափոխադրողներ ՌԴ մուտքի արգելք են ստացել թույլատրելի օրերը գերազանցելու համար և բողոքի ցույց կազմակերպել Հայաստանի կառավարության մոտ։
ԵՏՀ-ն նաև տեղեկացնում է, որ բազմակողմ համագործակցության շնորհիվ արդեն որոշ վարորդների խնդիրներն օպերատիվ կարգով հաջողվել է լուծել։ Հանձնաժողովը շարունակելու է մշտադիտարկում իրականացնել ԵԱՏՄ ներքին շուկայում՝ առաջացող հարցերը համակարգված կերպով կարգավորելու համար։