
Մարզերում 5 ավտոլվացման կետի գործունեություն կասեցվել է
Սյունիքի և Վայոց ձորի մարզերում արձանագրվել են խախտումներ՝ կապված ավտոլվացման կետերի աշխատանքների հետ։ 5 կետի գործունեություն դադարեցվել է։ Այս թեմային անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության նիստում նա հայտարարել էր, որ ականատես է եղել ավտոլվացման կետերի խախտումների՝ մատնանշելով, որ ավտոլվացման ընթացքում հավաքված փրփուրը արտահոսում է դեպի գետեր և լճեր։ Նա դիմել էր Տարածքային և ենթակառուցվածքների նախարարությանը՝ խնդիրը լուծելու համար։
Արդյունքում՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մարզերում կասեցրել է ավտոլվացման կետերի գործունեությունը։
Սյունիքի մարզի Կապան քաղաքում գործող Ա/Ձ Ալեն Հովհաննիսյանին, Ա/Ձ Արթուր Օհանջանյանին պատկանող ավտոլվացման կետերի ջրահեռացումը կատարվել է առանց թույլտվության՝ ավտոլվացումից առաջացած կեղտաջրերը լցվել են Ողջի գետ։
Վայոց ձորի մարզի Արենի համայնքում Ստեփան Սարգսյան, Նվեր Օհանյան, Վարդան Ալարվերդյան Ա/Ձ-երի ավտոլվացման կետերից արտահոսող կեղտաջրերը հեռացվել են ապօրինի՝ առանց համապատասխան թույլտվության։