
Քննարկվել է նոր քրեակատարողական հիմնարկ կառուցելու նախագիծ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում տեղի է ունեցել առցանց աշխատանքային հանդիպում Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչների և փորձագետների հետ։
Հանդիպման նպատակն էր միջազգային փորձագետների հետ քննարկել Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկի նախագծման ընթացիկ աշխատանքներ հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների ենթակառուցվածքների, բանտային շինությունների տեղակայման վերաբերյալ գերմանական փորձը։
Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման աշխատանքներում։
Պատկան մարմիններն նախատեսել էին, որ նոր ՔԿՀ-ն կկառուցվի Էրեբունի վարչական շրջանում՝ Նուբարաշեն և Վարդաշեն ՔԿՀ-երի տարածքում։ Սակայն, այս տարվա մարտին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել էր, որ Երևանի Էրեբունի վարչական շրջանում նոր քրեակատարողական հիմնարկ չի կառուցվի։
Մինասյանն այդ ժամանակ նշել էր, որ մրցույթը հաղթած ընկերությունը գեոդեզիական աշխատանքներ է իրականացրել և պարզել, որ այդ հողերի վրա բետոնացման աշխատանքների համար ներդրումն այնքան մեծ պետք է լինի, որ բոլորովին էլ նպատակահարմար չէ այնտեղ բանտ կառուցել։ Դա է պատճառը, որ այնտեղ գտնվող «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-երն այդքան անմխիթար վիճակում են։