ՀայաստանՍոցիալական

Բեռնատարների վարորդները բացել են անցակետեր տանող ճանապարհները

Բեռնատարների վարորդները բացել են Բավրայի, Բագրատաշենի և Գոգավանի անցակետեր տանող միջպետական ճանապարհները՝ դադարեցնելով բողոքի ակցիաները։

Վարորդները բողոքում էին Ռուսաստանի Դաշնությունում ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար սահմանված 90–օրյա ժամկետի դեմ։ Այսօր նրանք ստացել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի գրավոր պատասխանը, որով նշվում է, որ հարցը քննարկվում է ռուսական կողմի հետ, և օրերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 180։

Գրության մեջ ասվում է, որ համապատասխան իրավական ակտերի նախագծերը գտնվում են ՌԴ պատկան մարմինների համաձայնեցման փուլում, և հարցը կքննարկվի հոկտեմբերի 24-ին կայանալիք ԵԱՏՄ խորհրդի նիստում։

Վարորդները որոշել են դադարեցնել ակցիաները՝ սպասելով նիստի արդյունքներին։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ևս նշել են, որ բեռնափոխադրումների և միգրացիոն սահմանափակումների խնդիրները քննարկվում են ԵՏՀ հարթակում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների մասնակցությամբ։