
Սահմանամերձ համայնքներում բնակապահովման պետական աջակցման ծրագիրը վերաբացվում է Տավուշի և Վայոց ձորի մարզերում
Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր, Բաղանիս, Կիրանց, և Ոսկեպար, Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրերում բնակիչները հնարավորություն կստանան պետության աջակցությամբ բնակարաններ կառուցել։ Ծրագրով նախատեսված է աջակցություն տրամադրել մոտ 210 շահառուի։ Ոսկեպարում և Բաղանիսում կկարողանան բնակարաններ կառուցել 50, Բերքաբերում և Կիրանցում՝ 40, Գոմքում՝ 30 ընտանիքներ։
Հնարավորություն է տրվելու նաև մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը շինթույլտվության ստացած ընտանիքներին։ Ընդ որում՝ եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում քաղաքացիները ունեցել են տվյալ բնակավայրում հաշվառում, ապա Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու նպատակով պետության կողմից կստանան ոչ թե 16, այլ մինչև 21 մլն դրամի չափով աջակցություն։
Ծրագիրը ընդունվել է 2022 թվականի հունիսին։ Սկզբնական շրջանում նախատեսվում էր աջակցությունները տրամադրել 2022-2024 թվականներին։ Ավելի ուշ՝ որոշումը երկարաձգվել է ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ընդհանուր առմամբ՝ արդեն հաստատվել է ավելի քան 1100 հայտ և մի շարք տների կառուցում արդեն կա՛մ ընթացքի մեջ է, կա՛մ էլ ավարտվել է։
Ծրագրից կարող են օգտվել
. գրանցված ամուսնության մեջ գտնվող, առնվազն 1 անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսիններ, կամ
. գրանցված ամուսնության մեջ գտնվող, անչափահաս երեխա չունեցող և ՀՀ քաղաքացիություն ունեցող ամուսիններ, որոնց տարիքների հանրագումարը չի գերազանցում 75-ը (ներառյալ), կամ
. առնվազն 1 անչափահաս երեխա և ՀՀ քաղաքացիություն ունեցող միայնակ ծնող՝ այրի։