
Երևանի քաղաքապետարանը փայտանյութ կտրամադրի կարիքավոր ընտանիքներին
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում կտրված ծառերից հավաքված փայտանյութը տրամադրվելու է կարիքավոր ընտանիքներին։ Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպությունը այս տարի Երևանում շուրջ 1500 ծառ է հատել։ Այդ ծառերն ու էտից գոյացած մոտ 800 խորանարդ մետր փայտանյութը տրամադրվելու է վարչական շրջաններին։ Վերջիններս էլ որոշելու են, թե երևանաբնակ որ ընտանիքներին փոխանցեն դրանք։ Նախատեսվում է նրանցից յուրաքանչյուրին տրամադրել 1-2 խորանարդ մետր վառելափայտ։
Ծրագրից կարող են օգտվել․
1) ընտանիքում չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները.
2) ռազմաճակատ մեկնած և անչափահաս երեխաներ ունեցող մարտիկները.
3) սոցիալապես անապահով ընտանիքները, ովքեր տվյալ պահի դրությամբ վառելափայտի խիստ կարիք ունեն և վերը նշված չափորոշիչների մեջ չեն մտնում:
AMNEWS-ի տեղեկություններով՝ 2020-ից մինչև 2024 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում Երևան համայնքում թվով 5497 չոր և վթարային ծառ է հատվել։ Կարիքավոր ընտանիքներին փայտանյութի տրամադրման պրակտիկան էլ հենց սկսվել է 2020 թվականից։ Ծրագրի մեկնարկին հավաքվել է 500 խորանարդ մետր վառելանյութ։