
Երևանի օդում փոշու քանակը ավելացել է
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված «Օդի փոշու մասնիկներով աղտոտվածության ցուցանիշների հարթակում» կարելի է տեսնել, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում օդում փոշու քանակը ավելացել է։ Եթե հետևենք նաև սանդղակին՝ կտեսնենք, որ օդը անառողջ է համարվում ինչպես զգայուն խմբերի այնպես էլ առողջական խնդիրներ չունեցող անձանց համար։ Սոցիալական հարթակներում բնակիչները նույնպես արձագանքել են այս խնդրին։ Դրանից հետո Երևանի քաղաքապետարանը որոշակի պարզաբանումներ է արել՝ նշելով, որ օդի աղտոտվածությանը նպաստել է նաև վառելիքի տարբեր տեսակների այրումը ձմռան եղանակներին։
Այս ժամանակահատվածում մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրներին (շինարարություն, տրանսպորտ, բաց հանքերի շահագործում) ավելանում են ջեռուցման նպատակով վառելիքի տարբեր տեսակների այրումը, որը բերում է օրգանական փոշու, ծխի ավելացմանն օդում։ Հատկապես մասնավոր տների գերակշռությամբ թաղամասերում դա զգալիորեն մեծացնում է օդի աղտոտվածության մակարդակը, որովհետև բնական գազից բացի այրում են նաև վառելափայտ, տարատեսակ իրեր և թափոններ,- նշված է հաղորդագրության մեջ։
Մթնոլորտի աղտոտումը բացասաբար է ազդում հասարակության առողջության վրա։ Առանձնապես խոցելի են այն մարդիկ, ովքեր ունեն շնչառական և սրտանոթային հիվանդություններ։ Օդի աղտոտվածության բարձր մակարդակը վտանգավոր է նաև առողջ մարդկանց համար, քանի որ երկարատև բացահայտումը բարձրացնում է չարորակ գոյացությունների վտանգը։
Հարևան պետությունների մեջ ամենաաղտոտված օդն ունի Ադրբեջանը։ Դա պայմանավորված է երկրի ներսում արդյունաբերական ձեռնարկությունների ավելացմամբ և նավթի արդյունահանմամբ։ Ադրբեջանին հաջորդում են Թուրքիան, Հայաստանը և Վրաստանը։