ՀայաստանՍոցիալական

Տաքսիստների 400 միլիոն դրամի տույժը կհամաներվի

Հայաստանում շուրջ 5000 տաքսի վարորդների կուտակված տույժերն ու տուգանքները կհամաներվեն։ Պետությունը որոշել է ներել այն պարտքերը, որոնք կուտակվել են 2015-2019 թվականներին լիցենզավորված աշխատողների մոտ՝ պետական տուրքը չվճարելու հետևանքով։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց, որ 2019 թվականից ֆիզիկական անձ հանդիսացող տաքսիստների համար լիցենզավորման պետական տուրքի վճարման նորմերը ուժը կորցրել են, սակայն նախկինում կուտակված պարտավորությունները, անհասկանալի պատճառներով, մնացել են ու շարունակել աճել։

Ընդհանուր առմամբ, խոսքը 1.3 միլիարդ դրամի պարտքի մասին է, որից մոտ 400 միլիոնը կազմում է տույժը։ Այս ամբողջ գումարը կներվի այն տաքսիստներին, ովքեր ժամանակին փորձել են աշխատել օրինական դաշտում, բայց տարբեր պատճառներով չեն կարողացել մարել իրենց պարտքերը։

Արմեն Սիմոնյանը բացահայտեց մի զարմանալի փաստ. այն տաքսի վարորդները, ովքեր 2015-2019 թվականներին աշխատել են անօրինական, այսինքն՝ առանց լիցենզիայի, և տուգանվել են տեսչական մարմինների կողմից, նրանց տուգանքներն արդեն իսկ համաներվել են։ Այսինքն, պետությունը ներել է այն մարդկանց պարտքերը, ովքեր բացահայտորեն խախտել են օրենքը, բայց մինչև հիմա չի ներում նրանց, ովքեր փորձել են գործել օրինական դաշտում։

Այս որոշումը փորձում է շտկել պետության կողմից թույլ տրված անարդարությունը՝ պատժելով ոչ թե օրինազանցներին, այլ նրանց, ովքեր փորձում էին հետևել կանոններին։ Նախագիծն արդեն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը և կներկայացվի Ազգային ժողովի լիագումար նիստին։