ՀայաստանՍոցիալական

Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում նոր այգիներ են ստեղծվում

Իջևան համայնքի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ այգիներում կատարվում են հոնի և նռան այգեհիմնման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից։ Ծրագրին մասնակցում է 87 շահառու։ Նրանցից 43-ը Բերքաբերի, 44-ը Խաշթառակի բնակիչներ են։

Բերքաբերում կաթիլային համակարգեր են ներդրվել և արդեն ավարտվել են այգեհիմնման աշխատանքները։ Խաշթառակում աշխատանքները դեռ ընթացքի մեջ են և դեռ աշխատում են կաթիլային համակարգի ամբողջական ներդրման վրա։

Ծրագրի շահառուներին անվճար կտրամադրվեն նաև ձեռքի էլեկտրական սրսկիչներ։ Մոլախոտերի դեմ պայքարի, ինչպես նաև ծառերի արմատային համակարգերի խոնավությունը կարգավորելու նպատակով այգիների միջծառային տարածքներում տեղադրվում են նաև «ագրոսպան» ագրոթելեր։ Դրանք օգտագործվում են բույսերի աճի պայմանների բարելավման և պաշտպանության համար։ Ագրոթելերը կանխում են բույսերի գիշերային գերսառեցումը և ցերեկային գերտաքացումը, ինչպես նաև նվազեցնում են հողի մակերեսից գոլորշիացումը, պահպանում խոնավությունը և նվազեցնում ոռոգման հաճախականությունը:

Այգեգործական նախաձեռնություններ իրականացվում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, սակայն ամենամեծ ուշադրությունը կենտրոնացած է խաղողի և պտղատու այգիների զարգացման վրա՝ հատկապես Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում, որոնք ավանդաբար խաղողի և մրգերի արտադրության առաջատարներ են։

Ծրագիրը ընդունվել է 2023 թվականին՝ կառավարության որոշմամբ։