
«Առավելագույնը 100 դրամ» խորագրով ստորագրահավաքին միացել է 75,000-ից ավել քաղաքացի
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հրապարակած տեսանյութում տեղեկացնում է, որ «Առավելագույնը 100 դրամ» խորագրով հանրային տրանսպորտի սակագների թանկացման դեմ ստորագրահավաքին արդեն իսկ միացել է 75,000-ից ավել քաղաքացի։
Հայկ Մարությանն «Առավելագույնը 100 դրամ» գրությամբ շապիկով ու պաստառներով մայրաքաղաքում ստորագրահավաք է սկսել։ Մարությանը դեմ է մեկ ուղետոմսի գինը 100 դրամից բարձր սահմանելուն։ Հունվարի 1-ից միասնական տրանսպորտային համակարգի ներդրմամբ տրանսպորտի սակագները կփոխվեն։ Կառաջարկվեն վճարման թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսեր, բջջային հավելված, մշտական օգտագործման ավտոբուսային և բանկային քարտերով տարբերակներ:
Նախկին քաղաքապետը տրանսպորտային միասնական փաթեթներին դեմ չէ, սակայն պահանջում է նախագծում մեկ փոփոխություն անել․ մեկ ուղևորությունը 100 դրամով պետք է հասանելի լինի մարդկանց։