ՀայաստանՍոցիալական

«Գումի» շուկայից ձերբակալված 2 անձ դեռ անազատության մեջ է

Երևանի «Գումի» շուկայում դեկտեմբերի 13-ին լարված իրավիճակ էր վաղ առավոտից։ Մսավաճառների գործունեությունը վերահսկելու նպատակով ՍԱՏՄ ներկայացուցիչները եկել էին շուկա։ Նրանք առգրավել էին շուրջ 1 տոննա միս։ Նշում էին, որ վաճառքն իրականացվում է նորմերի խախտումներով։

Առգրավումից հետո բախումներ էին եղել մսավաճառների ու ոստիկանների միջև։ Շուկայի տարածքից 8 մարդ էր ձերբակալվել։ Իրավիճակի լարվածության պատճառով շուկա էին եկել նաև կարմիր բերետավորները։ ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը նույնիսկ բենզին էր լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել էր ոստիկանների կողմից։

«Գումի» շուկայից ձերբակալված 8 անձանցից 6-ն ազատ է արձակվել ձերբակալության 72 ժամը լրանալուց հետո։ Մյուս երկուսը շարունակում են մնալ անազատության մեջ։ 

Ավելի վաղ նշվում էր, որ մսավաճառներից 5-ը հրաժարվել էին փաստաբանի ծառայությունից։ Նրանք պետք է ազատ արձակվեին ձերբակալման 72 ժամը լրանալուն պես, և չի բացառվում, որ նրանց մեղադրանքը սահմանափակվի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

Մսավաճառները դեմ չեն մորթ իրականացնել սպանդանոցներում, բայց նշում են, որ իրենց համայնքում չկա սպանդանոց, և մորթ իրականացնելու համար այլ քաղաք հասնելը մեծ ծախս է։

2023 թվականի դեկտեմբերի 6-ից Հայաստանում ուժի մեջ է մտել սպանդանոցային մորթի պարտադիր պահանջն ամրագրող օրենքը, որի համաձայն` արգելվում է ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման ցանկացած հումքի և մթերքի իրացումը։ Իսկ շուկայում առանց համապատասխան հավատագրի վաճառվող միսը պետք է առգրավվի ու ոչնչացվի։ 

Նշենք, որ 2024 թվականի հունվարի տվյալներով` Հայաստանում 101 սպանդանոց կա, որոնցից 2-ը` Շիրակի մարզում։ ՍԱՏՄ-ում վստահ են, որ սպանդանոցների այս քանակը բավարար է հանրապետության ամբողջ պահանջարկը բավարարելու համար։