
Հայաստանում կհանվի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու տարիքային սահմանափակումը
Կանայք և տղամարդիկ այլևս չեն ունենա տարիքային սահմանափակում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից՝ այդ թվում արհեստական բեղմնավորումից կամ փոխնակ մայրության ծառայություններից օգտվելու համար։
Այս մասին փոփոխությունը քննարկվել է հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովում։ Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը հայտնել է, որ Սահմանադրական դատարանը նախկին սահմանափակումը ճանաչել է Սահմանադրությանը հակասող։
Նախկինում օրենքով նախատեսված էր, որ կինը կարող էր հղիանալ մինչև 53 տարեկան, իսկ փոխնակ մոր օգնությամբ երեխա ունենալ՝ մինչև 55 տարեկան։ Այս շեմը, ըստ նոր նախագծի, այլևս չի գործի։
Արմեն Գասպարյանը նշել է, որ վերջին տարիներին երեք կին մերժվել է տարիքային շեմի պատճառով։ Նրա խոսքով՝ այս սահմանափակումը հաճախ խոչընդոտ էր այն մարդկանց համար, ովքեր բժշկական կամ այլ պատճառներով ավելի ուշ էին որոշում երեխա ունենալ։
Պատգամավոր Գեղամ Նազարյանը մտահոգություն է հայտնել, որ առանց տարիքային շեմի կարող են առաջանալ չնախատեսված իրավիճակներ, օրինակ՝ 70-ն անց անձինք դիմեն փոխնակ մայրության համար։ Սակայն նախարարի տեղակալը վստահեցրել է, որ գործընթացը չի ֆինանսավորվում պետության կողմից՝ պետպատվերով և իրականացվում է բացառապես մասնավոր միջոցներով։
Փոփոխությունը Ազգային ժողովում ընդունվեց 62 կողմ, 1 դեմ և 30 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։